23 դեկտեմբերի 2020 - 17:42 AMT
Գախարիա․ Վրաստանը մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Երևանի և Բաքվի հետ

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան հայտարարել է հարևան երկրների հետ հարաբերություններում Վրաստանի չեզոքության մասին՝ նշելով, որ երկիրը մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Երևանի և Բաքվի հետ։

Գախարիան խորհրդարանում ասել է, որ, չնյածա հակամարտության հետ կապված բարդ մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել, ինչը հնարավորություն տվեց «բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ», գրում է «Էխո Կավկազան»։

«Դա չափազանց կարևոր է, որպեսզի մենք ապագայում ևս կարողանանք կատարել բարիդրացիության մեր տարածաշրջանային գործառույթը»,-ասել է նա։

«Պետք է շատ զգուշավոր խոսել և գնահատել իրավիճակը տարածաշրջանում, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները դեռ ոչ ոքի համար պարզ չեն։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի տեսնենք այդ փոփոխությունների ուրվագիծը, ինչն անհրաժեշտ է այդ փոփոխությունների հանդեպ Վրաստանի դիրքավորման համար»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։