28 դեկտեմբերի 2020 - 12:35 AMT
Դադիվանքում արցախցի զույգ է պսակադրվել

Դադիվանքում արցախցի զույգի պսակադրություն է տեղի ունեցել, տեղեկացնում է WarGonzo Տելեգրամ-ալիքը։

Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում գտնվող վանքում դեկտեմբերի 27-ին պսակադրվել են Արամ Վերդյանը Ստեփանակերտից և Իրինա Գաբրիելյանը Մարտակերտից։ Նորապսակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին, որոնք ապահովում են վանքի անվտանգությունը, գրում է «Առավոտը»։

Դադիվանք էր այցելել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարիտրոսյանը՝ նա պատարագ էր մատուցել վանքում։ Սրբազանը նաև ամանորյա նվերներ էր պատրաստել ռուս խաղաղապահներին՝ փոքրիկ խաչեր և արցախցի երեխաների նամակները՝ ռուսերենով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։