28 դեկտեմբերի 2020 - 17:27 AMT
Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը կվերականգնվի

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով վերանայվել են բազմաթիվ ծրագրեր, բայց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնման ծրագիրը ամբողջ ծավալով կհաստատվի տարեսկզբին, և այն կվերականգնվի նախանշված ժամկետներում։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմի և թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի հետ հանդիպմանը։

Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ ստեղծված ծանր ժամանակահատվածում Արցախում գտնվելու և փոքրիկների համար ներկայացումներով հանդես գալու համար՝ ընդգծելով, որ մշակութային նման միջոցառումները լավագույն եղանակն են երեխաներին փոքր-ինչ դրական տրամադրություններ հաղորդելու համար:

Նա հյուրերին է ներկայացրել հետպատերազմական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ բոլոր ջանքերն ուղղված են ինչպես զոհված, անհայտ կորած և գերի ընկած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու և հարազատներին վերադարձնելու, այնպես էլ անօթևան մնացած և սոցիալական տարբեր հարցեր ունեցող քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ:

Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշել է, որ շատ տպավորված են Ստեփանակերտում թատրոնի վերականգնման նախագահի նախաձեռնությամբ, քանի որ առանց մշակույթի դժվար է պատկերացնել ազգի ապագան: Նավասարդյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար Արցախ այցելելու և թատերական ներկայացումներ բեմադրելու հարցում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։