30 դեկտեմբերի 2020 - 13:02 AMT
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Քոչարյանին ու Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Վարչապետ Փաշինյանին Պուտինը շնորհավորել է դեկտեմբերի 29-ին։

«Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ»,-գրել է Պուտինը Փաշինյանին։

Երկորրդ նախագահի գրասենյակից դեկտեմբերի 30-ին հայտնել էին, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Քոչայանին։

«Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սերժ Սարգսյանի գրասենյակից նշել են, որ գալիք տոների առթիվ երրորդ նախագահին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Aysor.am-ը: