ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ինչպես նաև նրա իրազեկիչ Չելսի Մենինգին առաջադրել են Նոբելյան Խաղաղության մրցանակի։ Նրանց թեկնածություններն առաջադրել է Նոբելյան Խաղաղության մրցանակի 1976թ․ դափնեկիր Մեյրիդ Քորիգանը, գրում է «Նովայա գազետան»՝ The Irish News-ին հղումով։
«Նրանցից յուրաքանչյուրն արիության աննախադեպ օրինակներ է դրսևորել, որոնք բացահայտում են կառավարության ապօրինի գործողությունները»,- ասել է Քորիգանը։
Նա նշել է, որ Ասանժը, Սնոուդենն ու Մենինգը նախկինում ևս առաջադրվել են Նոբելյան մրցանակի որպես անհատներ, սակայն չեն ստացել մրցանակ։
«Ասանժը որպես հրատարակիչ պետք է կատարեր իր պարտքն ու բացահայտեր պատերազմական փաստերն Իրաքում և Աֆղանստանում, իսկ Սնոուդենը, որն աշխատում էր ԱՄՆ հետախուզությունում, չէր կարող լռել՝ իմանալով, որ իր կառավարությունն ապօրինի հետևում է ԱՄՆ քաղաքացիներին և տարբեր երկրների կառավարություններին»,- ասել է նա։
Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանը մերժել է ԱՄՆ-ին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու հարցում։ Ասանժը կալանքի տակ կմնա, քանի որ ԱՄՆ-ն բողոքարկելու է դատարանի որոշումը։ Վերջին տարին նա անցկացրել է «Բելմարշ» խիստ ռեժիմով բանտում։
Ավստրալացի Ջուլիան Ասանժը ստեղծել է WikiLeaks-ը 2006-ին։ Կայքում հրապարակվում էին հույժ գաղտնի տեղեկություններ տարբեր աղբյուրներից։ Ամենաաղմկահարույցներից մեկը դարձավ Պենտագոնի փաստաթղթերի հրապարակումը՝ Իրանում և Աֆղանստանում պատերազմի ընթացքի մասին։ ԱՄՆ-ն մեղադրում է Ասանժին լրտեսության և գաղտնի տեղեկությունների հրապարակման մեջ։ ԱՄՆ-ում նրան սպառնում է 175 տարի ազատազրկում։