8 հունվարի 2021 - 19:37 AMT
Ադրբեջանը Covid-19-ի դեմ 4 մլն դեղաչափ պատվաստանյութ կներմուծի

Ադրբեջանը Covid-19-ի դեմ 4 մլն դեղաչափ պատվաստանյութ կներմուծի մինչև հունվարի վերջ, իսկ քաղաքացիների պատվաստումները կսկսվեն փետրվարին։ Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ Մուսա Գուլիևը։

Նա ասել է, որ պատվաստանյութի առաքման մասին բանակցություններն ավարտվել են և մինչև հունվարի վերջն այն կներկրվի Ադրբեջան:

«Ինչպես և ամբողջ աշխարհում, պատվաստումը լինելու է ռիսկային խմբերի համար և անվճար»,-ասել է նա, գրում է Menafn-ը։

Ավելի վաղ Բժշկական միավորների վարչության նախագահ Ռամին Բայրամլին հայտարարել էր, որ պատվաստումն անցկացվելու է երկու փուլով։

Հունվարի 7-ի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 222,200 դեպք, որից մահվան ելքով՝ 2818։