14 հունվարի 2021 - 10:38 AMT
Արցախում ՌԴ օգնությամբ արդեն վերականգնվել է ավելի քան 300 սոցօբյեկտ

Արցախի տարածքում ՌԴ օգնությամբ արդեն վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«ՌԴ ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են բնակֆոնդի և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների ստուգումները։ Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն առաքված շինանյութի կիրառմամբ վերականգնվել է 300 օբյեկտ, ընթացքի մեջ է ավելի քան 450 օբյեկտի վերականգնումը»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ գերատեսչության մասնագետներն այցելել են 10 օբյեկտ, որտեղ աշխատանքներ են ընթանում, որոնց մասնակցում է տեղի ավելի քան 90 շինկազմակերպություն, որից 50-ից ավելին՝ Ստեփանակերտում։