Գերմանիայում Covid-19-ի դեմ պատվաստված 10 մարդ է մահացել՝ բոլորը տարեցներ։ Այդ մասին գրել է գերմանական Der Spiegel-ը։
«Բոլոր մահացածները ծանր հիվանդ էին»,- ասել է կլինիկական դեղագիտության փորձագետ Բրիջիթ Քելլեր-Ստանիսլավսկին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Պաուլ Էրլիխի անվան Պատվաստանյութի և կենսաբժշկական դեղամիջոցների դաշնային ինստիտուտը հայտնել է պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունների 325 դեպքի մասին։ Ընդհանուր առմամբ, երկրում ավելի քան 600,000 պատվաստում է կատարվել, իսկ կողմնակի երևույթներ հիմնականում ի հայտ են գալիս 60-ն անց մարդկանց մոտ։
Ինստիտուտի նախագահ Կլաուս Չիչուտեկը հայտարարել է, որ Գերմանիայում կիրառվող պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ։
Գերմանիայում պատվաստում են ամերիկյան Pfizer և դրա գերմանական գործընկեր BioNTech ընկերության, ինչպես նաև Moderna-ի պատվաստանյութերով, սակայան չի նշվում, թե որով էին պատվաստված մահացածները։
Նորվեգիայում 23 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների արտադրության պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Մահվան ելքով բոլոր դեպքերը գրանցվել են թուլացած իմունիտետով 80 անց տարեցների մոտ։