Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրվի 300 նոր վերելակ, միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից, տեղեկացնում են քաղաքապետարանից։
«Երևանի վերելակներից 1/4-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- հայտարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանն էլ հայտնել է, որ իրենց վարչական շրջանում 596 վերելակ կա, որոնցից 111-ը փոխված է։
«Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի», - նշել է Մանուկյանը։
2020-ի հունվարի 10-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ տարվա ընթացքում Երևանում նախատեսված է 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինել 500 վերելակ։