27 հունվարի 2021 - 11:03 AMT
Ֆիզուլիում Ադրբեջանը ևս 31 զինծառայողի աճյուն է փոխանցել

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ նրանք պահեստազորայիններ են, ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով՝ քաղաքացիականներ են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:

Արցախի փրկարարները հունվարի 27-ին որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններում: