27 հունվարի 2021 - 12:30 AMT
Այվազյանը՝ Զարիֆին․ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան չի կարող հիմք ստեղծել տևական խաղաղության համար

Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Այվազյանի խոսքով՝ տարածաշրջանն այժմ առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում։

«Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար», - ասել է Այվազյանը։

Զարիֆը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցերի շրջանակում, նա արդեն եղել է Ադրբեջանում, ապա՝ ՌԴ-ում։ Ավելի ուշ նրան կընդունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։