28 հունվարի 2021 - 12:10 AMT
Սերժ Սարգսյան․ Դու չես պարտվել, բանակ, քեզ թիկունքից են հարվածել

Բանակի ծննդյան օրը մշտապես նշել ենք բերկրանքով, սակայն այսօր տրամադրությունն այլ է՝ «բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ Հայրենիքի մի հատվածի կորստյան ու նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով»: Այս մասին է հայտարարել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առիթով ուղերձում։ Համեմատելով ժողովուրդն ու բանակը ծնողի ու զավակի հետ, նա շեշտել է, որ ծնողը ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում:

«Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ: Քո ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իմ մարտական ընկերների և զինակիցների անունից ասում եմ քեզ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը», - շեշտել է նա:

Նրա խոսքով` հազարավոր ծնողներ բանակի սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ իրեն մոլորեցրեց ու ծուղակը գցեց:

«Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը: Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից», - ասել է Սարգսյանը։