30 հունվարի 2021 - 11:47 AMT
Էրդողանը կրոնակիցներին Կարսի մզկիթ դարձած եկեղեցու նկարով է ողջունել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ», փոխանցում է Ermenihaber-ը։

Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո մի քանի տասնյակ հրապարակումների մեջ հայկական հետք պարունակող երկրորդ գրառումն է արել:

Դիմելով կրոնակիցներին, լուսանկարին կից նա գրել է` «Սիրելի եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»:

Լուսանկարում Սուրբ Առաքելոց եկեղեցու հետնամասում երևում է Կարսի հայտնի բերդը, որի վրա ծածանվում է թուրքական դրոշը:

Չնայած մի շարք մահմեդական երկրներում ուրբաթը ոչ աշխատանքային է, Թուրքիայում այն միայն հատուկ օր է համարվում: Ուրբաթ նրանք վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար։

Կարսի հայկական եկեղեցին կառուցվել է 937 թվականին՝ Աբաս Բագրատունու կողմից։ Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի։