2 փետրվարի 2021 - 16:22 AMT
Մարուքյան․ Ի՞նչ անեմ՝ ինքնասպան լինեմ, պատանդ վերցնեմ, շենքեր գրավեմ, թե իշխանությունը չգնա արտահերթի

Ընդդիմությունն ամեն օր սպասում է խորհրդարանի ինքնալուծարմանը, բայց եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթի, ապա պետք է Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ կիրառվեն, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ բացառելով ինքնասպանության, շենքեր գրավելու, պատանդ վերցնելու կամ «շահիդի գոտի» կապելու տարբերակները։

Մարուքյանն արձագանքել է հարցին, թե ինչ կանեն, եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով և արդյոք կսպասեն մինչև 2023թ. ընտրությունները։

«Ի՞նչ անեմ, ինքնասպանությա՞ն դիմեմ դրա համար, ի՞նչ անեմ, զինված խումբ ձևավորեմ մարդկա՞նց սպանեմ, շենքեր գրավեմ-վառե՞մ, պատանդներ վերցնեմ, պահանջեմ վարչապետի հրաժարակա՞նը: Ուզում եմ ասել՝ կան Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ: Դուք ի՞նչ եք առաջարկում, շահիդի գոտի կապեն, գնան տրաքե՞ն ընդդիմադիրները: Վարչապետի հրաժարականը մեկ օրվա գործընթաց չէ, երկար քաղաքական գործընթաց է և դրա հանգուցալուծումը կլինեն արտահերթ ընտրությունները, թե կլինի հրաժարական և անցումային կառավարության ընտրություն, հիմա դա չեմ կարող կանխատեսել, բայց այդ երկուսից մեկը հաստատ կլինի, իսկ թե երբ, դա էլ չեմ կարող ասել»,-ասել է Մարուքյանը, փոխանցում է Factor.am-ը:

Հարցին, թե կան արդյոք «Իմ քայլից» պատգամավորներ, որոնք խոստանում են առաջադրվելու դեպքում ընտրել իրեն, և ովքեր են նրանք, Մարուքյանը պատասխանել է՝ կան, բայց, եթե անուններ տա, այդ մարդկանց կհետապնդեն։

«Այո՛, կան: Ուզում եք անունները տամ, մարդկանց հետապնդե՞ն: Բա որ չկան, ինչո՞ւ չի հրաժարական տալիս, թուղթ է ուզում: Բա որ չկան, ի՞նչն է խնդիրը»,-ասել է նա։

Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դավաճան լինելու» մասին դիտարկմանը՝ Մարուքյանը նշել է, որ իր համար կասկածելի շատ բան կա, մասնավորապես՝ ինքը չգիտի, թե ինչու է զինկոմիսարիատների կողմից կազմակերպված պրոցեսը կիսատ թողնվել և կոչ արվել ջոկատներ կազմել։ Ըստ նրա՝ համապատասխան հանձնաժողով է պետք ստեղծել՝ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։

Մարուքյանի մեկ այլ դիտարկմամբ՝ Արցախում անվտանգության երաշխավորը խաղաղապահ ուժերն են։

«Այն խաղաղությունը, որ կար, կոտրվել է պատերազմով և վերահաստատվել է խաղաղապահ ուժերի ներմուծումով, հետևաբար՝ անվտանգության երաշխավորը խաղաղապահ ուժերն են»,-ասել է Մարուքյանը։

Ավելի վաղ ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ պատրաստ է անցումային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել՝ «հանրային համերաշխությունը վերականգնելու համար»։ 2020-ի դեկտեմբերին ԼՀԿ-ն մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու և հուշագիր ստորագրելու առաջարկը՝ կոնտր առաջարկով ներկայացնելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։