2 փետրվարի 2021 - 16:28 AMT
Զաս․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից աջակցություն չի խնդրել ԼՂ կարգավորման հարցում

Հայաստանը ՀԱՊԿ-ից չի խնդրել գործադրել կազմակերպության մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ըստ նրա՝ կազմակերպությունը բազմիցս է հանդես եկել ռազմական գործողությունների դադարեցման և այդ տարածաշրջանում խաղաղ պայմանավորվածությունների միջոցով խնդիրների լուծման օգտին, և այդ դիրքորոշումը չի փոխվել, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց։ Չի կարելի կարծել, թե մեր կազմակերպությունը սահմանափակվել է միայն իրավիճակը դիտարկելով և կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջներով։ Ոչ, մենք բավականին աշխատանք ենք տարել»,- ասել է Զասը։

Նա նշել է, որ կա հավաքական անվտանգության մասին հիմնարար պայմանագիր, որտեղ հստակ նշված են այս կամ այն պետությանն օգնելու, այդ թվում՝ ռազմական առումով, ՀԱՊԿ գործարկման կարգն ու պայմանները։

«Այդ իրավիճակում Հայաստանի կողմից ոչ մի դիմում չի եղել ՀԱՊԿ-ին ռազմական կամ այլ օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Այդ մեխանիզմը մենք չենք գործարկել և չենք դիտարկում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ կազմակերպությունը ողջունում է ձեռք բերված պայմանավորվածություններն ու այն ուղին, որն ընտրվել է արյունահեղությունը դադարեցնելու համար։

2020-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում ՀՀ-ն կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին։