2 փետրվարի 2021 - 18:51 AMT
Զաս․ ՀԱՊԿ-ը տվյալներ չունի, թե արդյոք սիրիացի գրոհայինները լքել են ԼՂ խնդրի գոտին

ՀԱՊԿ-ը տվյալներ չունի այն մասին, թե լքել են արդյոք սիրիացի գրոհայինները ԼՂ հակամարտության գոտին։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մենք տեղեկատվություն ունեինք ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից գրոհայինների առկայության և գործողությունների մասին։ Եվ գնահատել ենք դա որպես ռիսկեր մեր երկրների, մեր դաշինքի համար։ Որտեղ են հիմա այդ գրոհայինները, արդյոք այնտեղ են, դժվարանում են պատասխանել այդ հարցին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Զասի՝ այժմ իրվաիճակը Լեռնային Ղարաբաղում վերահսկում են այն ուժերը, որոնք ներգրավված են գործընթացում՝ խաղաղապահ ուժերը, Ադրբեջանի և ՀՀ ուժերը։

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր վարձկանները, սիրիացի գրոհայինները պետք է լքեն այդ տարածքը, քանի որ գրոհայինների խմբավորումների առկայությունը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների անմիջական հարևանությամբ որոշակի ռիսկեր է պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Զասն ասել է նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից չի խնդրել գործադրել կազմակերպության մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացու, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։