5 փետրվարի 2021 - 12:00 AMT
ՌԴ վերացրել է ՀՀ-ից լոլիկի ներկրման արգելքը

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի և պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները:

Այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

2020-ի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել էր Pepino mosaic virus-ի հայտնաբերման պատճառով:

«Որոշումը կայացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա: Ներկրումը թույլատրվում է 13 ձեռնարկությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ: