5 փետրվարի 2021 - 13:44 AMT
«Ուրալյան ավիաուղիները» փետրվարի 13-ից կվերսկսի Կրասնոյարսկ-Երևան չվերթերը

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից վերսկսում է ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ տոմսերի արժեքը կսկսի 12,579 ռուբլիից՝ 87,000 դրամից։

Ավելի վաղ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հրամանագիր էր ստորագրել փետրվարի 15-ից Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին:

Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածում կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Փետրվարի 4-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ փետրվարի մեկից հետո Ռուսաստան է մեկնել մոտ 3900 մարդ, իսկ Ռուսաստանից Հայաստան՝ 3400։ Ռուսաստան մեկնածների թվում 1423 - ը եղել են Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանից ժամանածների թվում ՝ 1263-ը։ Խնդիրներ են առաջացել միայն Հայաստանի 7 քաղաքացու դեպքում: