ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Digital Almaty 2021 համաժողովում հայտարարել է, որ 2022-ի սկզբին կսկսի գործել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը։
«Հավելվածը կօգնի աշխատանք գտնել ԵԱՏՄ երկրների «հնգյակում»։ Դա միասնական ծառայություն կլինի, որից օգտվելով, հնարավոր կլինի թափուր աշխատատեղեր գտնել, ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում բժշկական ապահովագրությունը, բնակության վայր գտնել»,-ասել է ՌԴ վարչապետը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ակնկալում ենք, որ բջջային հավելվածի միասնական հարթակի հետևում կլինեն անդամ երկրների միգրացիոն թվային ծառայությունների ազգային համակարգերը։ Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել դրան»,-ասել է նա։
Ըստ Միշուստինի` դա կլինի «միասնական ծառայություն ԵԱՏՄ երկրներում աշխատանք որոնողների համար։
«Եվ, մասնավորապես, ՌԴ-ում աշխատանքի և բնակության հետ կապված գրեթե բոլոր հարցերը հնարավոր կլինի լուծել մինչև մեկնումը՝ չդիմելով անբարեխիղճ միջնորդների ծառայություններին»,-ասել է նա։
«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը մշակել է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։
«Նախատեսում ենք հավելվածի մշակումն ավարտին հասցնել 2022-ի սկզբին և հուսով ենք, որ դրան կմիանան ԵԱՏՄ մյուս երկրները՝ ստեղծելով աշխատանքի իրոք միասնական շուկա»,-ասել է Միշուստինը։