5 փետրվարի 2021 - 18:49 AMT
Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանին ընդունել է իր առանձնատանը։

Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը: Հրատապ խնդիր է դիտվել հատկապես ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:

Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: