8 փետրվարի 2021 - 18:43 AMT
Լիտվայի խորհրդարանից Բաքվին կոչ են արել արագացնել հայերի դիերի փոխանակումն ու գերիների վերադարձը ՀՀ

Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները կոչ են արել Ադրբեջանին՝ արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։

Նրանք կոչ են անում նաև Եվրամիության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամներս, հղում անելով ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը,

2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը, Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի 2021 թ. հունվարի 29-ի կոչին,

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը,

ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը,

կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան»:

Նշվում է, որ գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։

ՄԻԵԴ-ում մի շարք գերիների իրավունքները ներկայացնող Սիրանուշ Սահակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերի է պահվում։ Բաքուն հայտարարել է, թե Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված 62 շիրակցիներին Ադրբեջանը չի ճանաչում որպես ռազմագերի։

Պատերազմի ամբողջ ընթացքում սոցցանցերում ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին գլխատելու, ականջ կտրելու, գնդակահարելու, խոշտանգելու բազմաթիվ հոլովակներ են հրապարակվել։