8 փետրվարի 2021 - 18:44 AMT
ԱԱԾ-ն՝ Տեղում գերեվարված ադրբեջանցիներին վերադարձնելու մասին․ Հաշվի է առնվել հայկական կողմի ունեցած նախադեպը

Փետրվարին երկու ադրբեջանցի ՀՀ տարածքում էին հայտնվել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվելու արդյունքում, նրանք վերադարձվել են ՌԴ խաղաղապահների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով նաև հայկական կողմից նման դեպք ունենալու ու նույնկերպ հարցը լուծելու նախադեպը։

Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։

«Նրանց վերաբերյալ որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում՝ նկատի ունենալով նաև հայկական կողմից ևս նմանատիպ դեպք ունենալու և փոխադարձ համաձայնությամբ և նույն ընթացակարգով հարցի լուծման նախադեպը»,-ասել են ԱԱԾ-ից։

2021-ի փետրվարի 1-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի ԱԱԾ-ն երկու ադրբեջանցի զինվորականի է Սյունիքից բերման ենթարկել, ապա ռուսական կողմի միջնորդությամբ նրանց հանձնել Ադրբեջանին։ Ադրբեջանցիները Տեղ գյուղի մերձակայքում էին գերեվարվել։

Ադրբեջանում 44-օրյա պատերազմից հետո դեռ հայ ռազմագերիներ կան, նրանց հստակ թվի մասին տվյալներ այդ երկիրը չի հայտնում։ Հայկական կողմը ցանկ չի հրապարակում անվտանգության նատառումներից ելնելով։