12 փետրվարի 2021 - 16:47 AMT
Շվեդիայի խորհրդարանականները կոչ են արել Բաքվին վերադարձնել հայ գերիներին

Շվեդիայի խորհրդարանի «Շվեդիա-Հայաստան» բարեկամական խմբի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, տեղեկացնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը։

Նրանք կոչ են արել Ադրբեջանին արագացնել զոհվածների մարմինների, ինչպես նաև ռազմագերիների և պատանդների փոխանակման գործընթացը, անհապաղ կասեցնել նրանց դեմ հարուցված քրեական գործերն ու ապահովել նրանց փոխանցումը Հայաստանին։

Պատգամավորները նաև հորդորել են Եվրամիության ինստիտուտներին մշտապես բարձրացնել այդ հումանիտար հարցը՝ Ադրբեջանի հետ ընթացիկ և ապագա հարաբերությունների համատեքստում։

Նրանք նշել են նաև, որ գերիների վերադարձը Ադրբեջանի և ՀՀ միջև վստահության մթնոլորտի ձևավորման առաջին քայլերից մեկը կդառնա։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։