13 փետրվարի 2021 - 11:09 AMT
Ծառուկյան․ ԲՀԿ-ն արտահերթի դեպքում միայնակ կմասնակցի ընտրություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է մասնակցելու, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է Aravot.am-ը։

«Եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում, հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Կազմակերպի, անցկացնի, և հրավիրել էր քննարկելու։ Մեր հանդիպումը կարճ ա եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչև Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի։ Ու ավարտվել ա։ Ես ասել եմ՝ չեմ մասնակցելու։ Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ մենակ։ Առանց դաշինքի, առանց որևիցե մի կուսակցության»,-ասել է նա։

Ծառուկյանը բացառել է Փաշինյանի հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն ու հերքել նման լուրերը։

Ավելի վաղ Ծառուկյանն ու կուսակիցները մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին։ Վարչապետը քաղուժերի հետ հանդիպմանը խոսել էր արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին, վերջիններս առաջ էին քաշել նրա հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման հետո միայն արտահերթի հարցերը։ 2021-ի փետրվարին իշխող «Իմ քայլը» հայտարարել էր, որ հանրային լայն պահաջ չկա արտահերթ ընտրությունների համար։