15 փետրվարի 2021 - 12:08 AMT
Հայաստանցին մերկ լուսանկարներ է պահանջել անհետ կորածի անչափահաս հարազատից՝ սպառնալով սպանել բարեկամին

Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook-ում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, անհետ կորածների մասին տեղեկությունների դիմաց նրանց մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչներից պահանջել է իր էջին մերկ լուսանկարներ և տեսագրություններ ուղարկել։

Տուժածների թվում եղել է նաև 16 տարին չլրացած աղջիկ: Հակառակ դեպքում, նա սպառնացել է սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:

Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրգործի շրջանակում բերման է ենթարկվել «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին՝ նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում ի հայտ են եկել մոտ մեկ տասնյակ տուժողներ, կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ է սահմանված 10-12 տարի ժամկետով ազատազրկում:

ԱԱԾ-ն նաև հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ նմանների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին:

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։