Ճապոնիայում Pfizer և BioNTech ընկերությունների կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մի մասը ստիպված կլինեն թափել՝ հատուկ ներարկիչների պակասի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։
Նա պարզաբանել է, որ Pfizer և BioNTech պատվաստանյութի յուրաքանչյուր սրվակում 6 ներարկման համար նախատեսված պատվաստանյութ կա։ Բոլոր 6 դեղաչափը կարելի է օգատգործել միայն հատուկ ներարկիչների օգնությամբ, իսկ սովորական ներարկիչներով՝ միայն 5 դեղաչափ, գրում է «Վեդոմոստին»։
«Սրվակներում մնացած պատվաստանյութը ստիպված ենք լինելու թափել»,-ասել է Կատոն։
Այդ պատճառով պատվաստանյութի պատվիրված խմբաքանակը կարող է չբավականացնել և կպատվաստվի 60 մլն մարդ, նախատեսված 72 մլն-ի փոխարեն։
«Հատուկ ներարկիչներ գնելն այնքան էլ հեշտ չէ, աշխարհում դրանք այդքան շատ չեն վաճառվում։ Հիմա բանակցում ենք մի քանի արտադրողի հետ»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Pfizer և BioNTech պատվաստանյութը հավանություն է ստացել Ճապոնիայում փետրվարի 14-ին։ Փետրվարի 17-ին մեկնարկում է բնակչության պատվաստումը։