17 փետրվարի 2021 - 11:49 AMT
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով մեքենաների համար

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիում՝ անձրև։

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Սարավան-Զանգեր ճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) բուք է և մառախուղ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները:

Ճանապարհաշինարարները ճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։