5 մարտի 2009 - 20:29 AMT
Հայերեն լեզվով նորությունները Բաքվի հեռուստաալիքով կապված են լինելու Ադրբեջանի քարոզչության հետ
Ադրբեջանում ստեղծվող «ATV International» նոր հեռուստաալիքով հայերեն լեզվով նորությունները կապված են լինելու Ադրբեջանի քարոզչության հետ: Այդ մասին հայտնել է «Ազադ Ադրբեջան» (ATV) հեռուստաալիքի փոխնախագահ Նաթիգ Իբրահիմովը:

«Հեռուստաալիքով նորությունները հեռարձակվելու են վեց լեզուներով` ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն եւ հայերեն յուրաքանչյուր մեկ կամ երկու ժամը մեկ»,- ասել է Իբրահիմովը: Ադրբեջանի Հեռուստա-ռադիոհեռարձակման ազգային խորհրդի (ՀՌՀԱԽ) նիստին որոշում ընդունվեց «ATV International» հեռուստաալիքին վեցամյա լիցենզիա հատկացնելու մասին:

«Ազադ Ադրբեջան» հեռուստա-ռադիոհեռարձակման ընկերությանը պատկանող նոր ալիքը հեռարձակվելու է արբանյակի միջոցով: Միջազգային հեռուստաալիքն իր հեռարձակումը կսկսի տեխնիկների եւ անձնակազմի հետ կապված հարցերը լուծելուց հետո, ասել է Իբրահիմովը, հաղորդում է TrendNews գործակալությունը: