22 փետրվարի 2021 - 18:40 AMT
ՀՀ-ն մտադիր է ԵԱՏՄ-ին ծխախոտի միասնական փաթեթավորում առաջարկել

Հայաստանը ծխախոտի միասնական փաթեթավորման կանոնակարգ կմշակի, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Դա նախատեսվում է անել 2022-2024թթ․։

Իսկ 2025-ին ՀՀ-ում նախատեսվում է վերանայել ծխախոտային ապրանքների հարկերը։ Տվյալ քայլը նախատեսված է ԵԱՏՄ և ԱՀԿ առջև երկրի պարտավորություններով։

Առողջապահության նախարարությունն արդեն մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թթ. ռազմավարությունը», որի համաձայն հանրակրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում դասընթացներ կներառվեն ծխելու վնասակարության մասին, ինչը թույլ կտա հետագայում կրճատել ծխախոտային իրերի սպառումը։

Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում ավելի քան 5500 մարդ է ամեն տարի մահանում ծխելու հետ կապված հիվանդություններից։ Մահացողների 52%-ի տարիքը չի հասնում 70-ի։ Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի չափահաս բնակչության ավելի քան 25%-ն ամեն օր ծխում է։