24 փետրվարի 2021 - 10:43 AMT
Խոսնակ․ Ավանի փոխթաղապետի դեմ քաղաքապետարանում ծառայողական քննություն է սկսել

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը ծառայողական քննություն է սկսել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հանրային վարքագծին գնահատական տալու նպատակով, հայտնել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, փոխանցում է «Հայկական ժամանակը»։

Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին վերաբերող վիրավորական գրառում էր արել։

«Ընդհանրապես անթույլատրելի ենք համարում հանրային հարթակում ատելության խոսքի տարածումը և հանրային բանավեճում անձնական վիրավորանքների լեզվի կիրառումը: Միևնույն ժամանակ, այս կամ այն աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառվում է օրենսդրության սահմանած կարգով»,- ասել է Կարապետյանը։

Ավելի ուշ Պողոսյանն իր գրառումը հեռացրել էր՝ դրա փոխարեն մեկ ուրիշն ավելացնելով ու պարզաբանելով, որ ինքը ոչ թե վախեցել է, այլ «չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել»։