25 փետրվարի 2021 - 16:39 AMT
ՀՀ-ն՝ ռուսաստանցիների ամենապահանջված արտասահմանյան ուղղություններից

Հայաստանը ՌԴ հետ ավիահաղորդակցության վերականգնումից հետո դարձել է ռուսաստանցիների ամենանախընտրած արտասահմանյան ավիաուղղությունը։ Դեպի ՀՀ ավիատոմսերի որոնումների քանակը դեկտեմբերի և հունվարի միջին մակարդակի համեմատ աճել է 1․5 անգամ, հայտնել է Tutu.ru-ն։

Ուղևորությունների և ճամփորդությունների ծառայության վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է 2021թ․ առաջին կիսամյակի համար արտերկիր թռիչքների պահանջարկը։ Առավել պահանջվածը Հայաստանն է՝ այս ուղղությամբ վաճառվել է տոմսերի գրեթե 20 տոկոսը (հաշվի են առնվել հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ձևակերպված փաստաթղթերը՝ հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը թռիչքների համար)։

Մինչդեռ Մոսկվայից Երևան տոմսերը 2020-ի համեմատ թանկացել են ավելի քան 2 անգամ՝ 6160-ից մինչև 13,622 ռուբլի։

Կանոնավոր ավիահաղորդակցությունը ՀՀ և ՌԴ միջև վերսկսվել է փետրվարի 15-ից։ Շաբաթական 4 չվերթ է իրականացվում։ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ տարածք օդային ճանապարհով կորոնավիրուսի բացասական թեստի առկայության պայմանում։