Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ու իր բոլոր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Վարչապետը հիշեցրել է, որ որոշել է պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին:
«Զինվորականների կողմից իմ հրաժարականը պահանջելու հայտարարության քայլի արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում: Ամենակարևոր խնդիրը, որ մենք ունենք ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, քանի որ այն ինչ տեղի է ունենում մեր երկրում ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ»,- հայտարարել է նա:
Վարչապետի խոսքով՝ մի քանի գեներալների դուր չի գալիս, որ քաղաքացիական իշխանությունը որոշ հարցեր է տալիս:
Նա նշել է, որ խաղաղ հավաք են անելու, իսկ զինվորականներին կոչ է արել իրականացնել իրենց գործունեությունը:
Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և որ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։