26 փետրվարի 2021 - 11:15 AMT
Խոսնակ․ Արցախի նախագահը հանդիպել է Փաշինյանին և Օնիկ Գասպարյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Վերջինիս հետ հանդիպմանը հրաժարականի պահանջ չի ներկայացրել, լուրն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում, ասել է Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ։

«Փաշինյանի ու Գասպարյանի հետ ԱՀ նախագահը քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել»,- հայտնել է Ավանեսյանը, փոխանցում է Artsakhpress-ը։

Նա նշել է, որ Գասպարյանի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Ֆլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: