26 փետրվարի 2021 - 17:10 AMT
Նախագահական. Սարգսյանը հետ չի ուղարկել ԳՇ պետին ազատելու առաջարկը

Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին հղումով տեղեկություն էր տարածվել, թե Սարգսյանն իր առարկություններով հետ է վերադարձրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Փաշինյանն ասել էր, որ ժողովուրդն է իրեն իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ հեռանա, թե ոչ։ ԳՇ հայտարարությունից առաջ Փաշինյանը պաշտոնից ազատել էր շտաբի պետին՝ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Գասպարյանի ազատման որոշման տակ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։