2 մարտի 2021 - 10:54 AMT
Մարուքյանը՝ Փաշինյանին․ Պահանջում եմ ապացուցել Գասպարյանի մասին հայտարարությունը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է ապացուցել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասին իր արած հայտարարությունը։

Մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը, երբ պահանջել է կառավարության և վարչապետի հրաժարականը։

«Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ»,- գրել է Մարուքյանը` հավելելով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր առաջարկն ուժի մեջ է։

Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվել էր փետրվարի 25-ին վարչապետի կողմից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի որոշումից ու ԳՇ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո։ Նախագահը դեռ չի ստորագրել ԳՇ պետի հրաժարականի որոշումը, այն առարկություններով հետ է ուղարկել վարչապետին, վերջինս՝ կրկին նախագահին։