2 մարտի 2021 - 14:59 AMT
Մարուքյան․ Փաշինյանի հետ հանդիպելու ենք՝ բոլորի առաջարկները քննարկելու

Մարտի 2-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապվել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, առաջիկայում նրանք հանդիպելու են՝ քննարկելու «բոլորի առաջարկները»:

«Առաջարկել է հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք: Իմ առաջարկը, իր առաջարկը, ձեր առաջարկը, բոլորի առաջարկները: Ես համաձայնություն եմ տվել: Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ կհանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները և ինչ եզրահանգում կլինի, դուք կիմանաք»,- ասել է Մարուքյանը, փոխանցում է Armtimes.com-ը։

Մարուքյանը նաև խոսել է վարչապետին ուղղված իր առաջարկին հաջորդած արձագանքների մասին:

Փետրվարի 28-ին Մարուքյանը իրավիճակի հանգուցալուծման առաջարկ էր ներկայացրել Փաշինյանին:

«Ես որպես խնդրի լուծում առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա նախագահի աշխատակազմից հետ վերցնի ԳՇ պետին ազատելու հրամանագրի նախագիծը, ձեռք չտա ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին և ընդհանրապես մի կողմ քաշվի բանակից։ Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու և որևէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների»:

«Իմ հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ: Ես առաջարկ եմ արել, առաջարկին չի եղել հասկանալի հոդաբաշխ արձագանք և եղել է վարչապետի հայտարարությունը, մարտահրավեր նետել: Հայ ազգը մի մարտահրավեր ուներ, վարչապետի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին և ջախջախիչ պարտություն կրեց: Ուրիշ մարտահրավեր ես չեմ ճանաչում»,-ասել է նա։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել, Մարուքյանը կրկին նշել է, որ վարչապետից ապացույցներ է պահանջելու այս հայտարարության վերաբերյալ:

«Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար ապացույցներ եմ պահանջելու վարչապետից, որ ոչ թե ինձ ներկայացնի, այլ հրապարակի այդ ապացույցները»:

Հայաստանում քաղաքական իրավիճակը սրվել էր փետրվարի 25-ին վարչապետի կողմից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի որոշումից ու ԳՇ՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո։ Նախագահը դեռ չի ստորագրել ԳՇ պետի հրաժարականի որոշումը, այն առարկություններով հետ է ուղարկել վարչապետին, վերջինս՝ կրկին նախագահին։