2 մարտի 2021 - 15:24 AMT
Արշակյանն Ալ Արաբիայի եթերում ներկայացրել է ՀՀ ներքաղաքական և տնտեսական վիճակը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվել է նաև, որ Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական պրոցեսի մաս են, և իշխանությունները պատրաստակամ են շարժվել կոնստրուկտիվ բանակցությունների ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Ըստ նախարարի՝ նշվել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում' ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը։

«ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով' համաձայն ՀՀ սահմանադրության։

Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան մտահոգություն հայտնեցի այն մասին, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձի հարցը։ Այս կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են և հուսանք, որ խնդիրն արագ կհանգուցալուծվի»,-ասվում է գրառման մեջ։

Նախարարն ասել է նաև, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները։

Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ Արշակյանը խոսել է վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրաբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին։