5 մարտի 2021 - 11:08 AMT
Freedom House. 2020-ին ՀՀ-ն առաջ է անցել 2 միավորով՝ քաղիրավունքի ու քաղաքացիական ազատության ոլորտներում

Freedom House իրավապաշտպան կազմակերպության Գլոբալ ազատություների մասին 2021-ի զեկույցում 2020-ի համեմատ՝ Հայաստանը երկու միավորով առաջընթաց է գրանցել՝ 53-ից հասնելով 55 միավորի, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Իրավապաշտպան կազմակերպության գնահատականը հիմնված է ժողովրդավարության զարգացման հիմնական երկու ոլորտում կատարած ուսումնասիրությունների հիման վրա. հետազոտվում է տվյալ տարում երկրի զարգացումները քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ասպարեզներում:

2021-ի զեկույցի համաձայն, ըստ Freedom House-ի, Հայաստանում արձանագրվել է երկու դրական միտում՝ մասնավոր սեփականության պաշտպանության և քաղաքական իրավունքների ոլորտներում: Մասնավորապես, քաղաքացիական ազատությունների գծով իրավապաշտպան կազմակերպությունն առաջընթաց է գրանցել մասնավոր սեփականության պաշտպանության ոլորտում:

Ըստ զեկույցի՝ գործարար շրջանակները, հատկապես՝ փոքր և միջին ձեռներեցները, առաջ հաճախ էին բախվում նախկին իշխանության կողմից ակտիվների կամայական բռնագրավմանը կամ կաշառք ստանալու պահանջին, իսկ իշխանափոխությունից հետո այդ գործունեությունը դարձել է ավելի հազվադեպ:

Նշվում է նաև, որ քաղաքացիական ազատությունների ցուցանիշը մեկ միավորով բարելավվել է նոր օրենսդրության շնորհիվ, որը նպաստում է ՀՀ-ի հակակոռուպցիոն քաղաքականությանն ու տնտեսական հանցագործությունների համար նախկին պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների հետապնդմանը:

Զեկույցում նշվում է՝ Փաշինյանի կառավարությունը կայուն առաջընթաց է գրանցել նախկինում կատարված անօրինական գործողությունները հետաքննելու և հակակոռուպցիոն մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ 2020 թվականի ապրիլին խորհրդարանն ընդունեց օրենսդրություն, որով ընդլայնվեցին նախկին պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը հետաքննելու դատախազների հնարավորությունները:

Մնացած այլ դեպքերում անցած տարվա զեկույցի համեմատ կառույցը փոփոխության չի ենթարկել ՀՀ-ի ցուցանիշները՝ չնայած որոշ ասպարեզներում զեկույցում մեջբերվում են դրական կամ բացասական միտումներ:

Որպես 2020 թվականի ընթացքում առանցքային զարգացումներ զեկույցն առանձնացնում է մարտ ամսին կառավարության հայտարարած COVID-19- ի հետ կապված արտակարգ դրությունը, իշխանությունների հակակոռուպցիոն ջանքերն ու ձեռնարկված քայլերը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ բռնկված պատերազմն ու կառավարության կողմից ռազմական դրության հայտարարումն ու հետպատերազմյան քաղաքական զարգացումները: