5 մարտի 2021 - 13:28 AMT
Մարուքյան․ Եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթի առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցն օրակարգից դուրս չի գա

Եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մերժի արտահերթ ընտրությունների գնալու վարչապետի առաջարկը կամ նրա հետ հանդիպումը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցն օրակարգից դուրս չի գալու, հայտել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կմերժի, այլ տարբերակ կմտածեմ ես, անընդհատ տարբերակներ կմտածենք», - ասել է Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ տրամաբանական է, որ այս գործընթացում կոնսենսուսներ են պետք:

Մարուքյանը նաև հույս է հայտնել, որ խորհրդարանը ցրելու դ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին կմիանան նաև քաղաքական այլ ուժեր, փոխանցում է Para Tv-ն։

Մարուքյանը նշել է, որ իրավիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, իսկ ինքը մեկ ժամ խոսել է վարչապետի հետ ու պատրաստ է ցանկացած այլ ուժի հետ այդ խոսակցությունն ունենալ։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասել է Մարուքյանը։

Փաշինյանն ու Մարուքյանը հանդիպել են մարտի 4-ին։ ԼՀԿ ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանից» մարտի 5-ին հայտարարել են Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա քաղխորհրդի նիստից ու որոշումից հետո։