9 մարտի 2021 - 10:57 AMT
ՀՅԴ-ն մի քանի անդամի է արտաքսել կուսակցությունից․ Խախտել են դաշնակցականի երդումը

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպության շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լևոն Կիրակոսյանը և Կարո Իսբէնճյանն արտաքսվել են կուսակցության շարքերից՝ դաշնակցականի երդումը խախտելու համար, նրանք այլևս չեն ներկայացնում ՀՅԴ-ն։

Կուսակցությունից հայտնում են, որ խումբը խիստ հակակարգապահական գործունեություն է իրականացրել, ապօրինի ժողով է գումարել, ընտրել ապօրինի մարմին՝ «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե» անունով։

ՀՅԴ-ից հայտնում են նաև, թե խումբն իր վերահսկողության տակ է պահում պաշտոնաթերթ «Ասպարեզը», կուսակցությանը պատկանող շարժական ու անշարժ գույքը, դրամային հաշիվները։

ՀՅԴ-ից նշում են, որ Կենտրոնական կոմիտեն շարունակում է լինել Արևմտյան Ամերիկայում կուսակցության անունից հանդես գալու միակ օրինական ու իրավասու մարմինը, իսկ կոմիտեի ներկայացուցիչը Ռոստոմ Այնթալյանն է (Հեռ. +1650 303 9280)։