9 մարտի 2021 - 11:35 AMT
ՀՀ և Կուբայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում գործակցության հեռանկարները

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Կուբայի իր պաշտոնակից Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր է փոխանակել ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակում գործակցության հեռանկարների շուրջ:

Այվազյանը կարևորել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրական սահմանների ընդլայնումը։ Նախարարները վստահ են, որ դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն կտա Կուբային առավել արդյունավետ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, մասնավորապես արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում։

ԱԳՆ-ից նշում են, որ երկուստեք ընդգծվել է հայ-կուբական քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: