10 մարտի 2021 - 12:51 AMT
Սաղաթելյան․ Չենք ակնկալում, որ բանակը մեզ միանա, պետք է ԳՇ պետն ու բանակը մնան իրենց տեղում

Հայրենիքի փրկության շարժումը չի ակնկալում, որ բանակը գա ու միանա իրենց, բայց ակնկալիք կամ պահանջ ունի, որ Գլխավոր շտաբը, բանակը, անձամբ Օնիկ Գասպարյանը մնան իրենց տեղում, հայտարարել է շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Սա իր պաշտոնի հարցը չի։ Սա բանակի լինել-չլինելու հարցն է։ Հանուն Արցախի` նրանք պետք է մնան իրենց տեղում»,- ասել է Սաղաթելյանը, փոխանցում է Aravot.am-ը։

Մարտի 9-ին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով ցուցարարները շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը։ Նա հայտարարել էր, թե ԱԺ-ի շուրջ դրված իրենց վրանները կհանեն ու կհեռանան այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

Մարտի 10-ին նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին, որը նորից չստորագրեց այն: