2019-ին Հայաստանը $190 միլիոն է ծախսել մարտական ավիացիայի վրա, ասվում է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
Նշված գումարը, հավանաբար, ծախսվել է ՀՀ ՌՕՈւ համար ռուսական արտադրության Սու-30ՍՄ ինքնաթիռների վրա։ ՀՀ-ն գնել է 4 հատ ինքնաթիռ։
Չի բացառվում նաև, որ ՀՀ-ն գնած լինի որոշ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր, սակայն դրանց մասին զեկույցում չի նշվում։
Զեկույցում չկան տվյալներ 2020-ի ներկրման ծավալի մասին, սակայն նշվում է, որ 2019-ին այդ գումարը կազմել է $248 մլն՝ ներառյալ նշված ինքնաթիռների վրա ծախսված միջոցները, ինչպես նաև ՀՕՊ համակարգերի համար նախատեսված $41 միլիոնն ու հրթիռների՝ $17 միլիոնը։
Զեկույցում նշվում է, որ 2016-2020թթ․ ՀՀ ներկրվող սպառազինության 94% բաժին է ընկել ՌԴ-ին` միայն 2019-ին կազմելով $228, իսկ մնացածը գնվել է Հորդանանից։
Վերջին տարիներին Ադրբեջանը ևս խոշոր գնումներ է կատարել՝ սպառազինության մեծ խմբաքանակներ ներկրելով, որից 69%-ը՝ Իսրայելից, թեև, ինչպես նշվում է զեկույցում, Բաքուն սպառիչ տվյալներ չի ներկայացրել զենքի գնումների վերաբերյալ։
Ըստ զեկույցի՝ զենքի և ռազմատեխնիկայի վաճառքի առաջատարն աշխարհում ԱՄՆ-ն է, իսկ գնումների ծավալով՝ Սաուդյան Արաբիան։ Ընդհանուր առմամբ, սպառազինության միջազգային առևտրի ծավալները 2016-2020թթ․ նախորդ 5-ամյա շրջանի ցուցանիշների համեմատ չեն փոխվել՝ զենքի խոշորագույն 5 մատակարարից 3-ի՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի մասով առաքումների զգալի աճը մեծապես հատուցվել է ՌԴ և Չինաստանի կողմից զենքի արտահանման կրճատմամբ։