16 մարտի 2021 - 15:36 AMT
ԱԳՆ-ն ողջունում է Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կցանկանար ողջունել ՀՀ-ում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը:

Նախարարը նշել է, որ կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին՝ հավելելով, որ Հայաստանին ու Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ և այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու տեսլականը:

«Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն էր անդրադառնալու տարբեր ոլորտներում համագործակցության ներուժին և ուրվագծել դրա լիարժեք իրացման գործում համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Իհարկե, այս գործընթացում առանձնակի դերակատարություն ունի տեղում մեր դեսպանների և դեսպանությունների ակտիվ աշխատանքը և այս տեսակետից կուզենայի ողջունել ՀՀ-ում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գործում շվեդական կողմի ցուցաբերված աջակցությունը»,-ասել է Այվազյանը:

Նախարարը հավելել է նաև, որ Լինդեի հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: «Ընդունելով գործընկերոջս շնորհավորանքները ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնեցի, որ համաձայնագրի լիարժեք իրականացումը նոր հնարավորություններ կընձեռի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա ամրապնդման համար»,-ասել է Այվազյանը։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն մինչ Հայաստան ժամանելը եղել է Ադրբեջանում և հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։