7 մարտի 2009 - 23:18 AMT
Հայ մարզիկներն անհաջող ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի թեթեւ աթլետիկայի 30-րդ առաջնությունում
Հայ մարզիկներն ավարտեցին իրենց ելույթները փակ տարածքում Եվրոպայի թեթեւ աթլետիկայի 30-րդ առաջնությունում, որն անցնում էր մարտի 6-8-ը Թուրինում:

Այսօր Արսեն Սարգսյանն անհաջող ելույթ ունեցավ եւ 7,53մ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը խմբում եւ 20-րդ տեղը ընդհանուր ստուգարքում (28 մասնակից) հեռացատկում, այդպիսով դուրս մնալով առաջնությունից որակավորման փուլում: Որակավորման փուլի լավագույն մարզիկներն էին Սեբաստյան Բայերն ու Ուինտեր Նիլսը, որոնք ցատկեցին համապատասխանաբար 8,12մ եւ 8,04 մ: Այս մարզաձեւում եզրափակիչ են դուրս գալիս որակավորման փուլում առաջին ութնյակում տեղ զբաղեցրած մարզիկները:

Հիշեցնենք, որ երեկ եռացատկ մարզաձեւում իր ելույթներն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Հայկանուշ Բեկլարյանը, որը 12,57մ արդյունքով զբաղեցրեց վերջին տեղը եւ դուրս մնաց որակավորման փուլից:

2009թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցումներն ու փակման արարողությունը տեղի կունենան մարտի 8-ին: