19 մարտի 2021 - 17:22 AMT
Թանկյանի նոր տեսահոլովակը՝ «Էլեկտրիկ Երևանի» կադրերով

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է Electric Yerevan երգի տեսահոլովակը։

Տեսահոլովակն ամբողջությամբ կազմված է 2015-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների կադրերով։

«Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում գրել էր Թանկյանը։

Երաժիշտ, սակայն, սխալվել է․ էլեկտրաէներգիայի գնի վերանայում 2015-ի ցույցերից ու ակցիաներից հետո ՀՀ-ում չի եղել։

Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում բազմաթիվ քաղաքացիներ բողոքում էին էլետրաէներգիայի թանկացման դեմ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառել էր ջրցան մեքենաներ, որոշ քաղաքացիներ հոսպիտալացվել էին։