Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործով անցնել դատաքննության փուլին։
Այս որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը և հեռացան նիստերի դահլիճից, տեղեկացնում է Factor.am-ը։
Կներկայանան հաջորդ նիստին, թե՝ ոչ, հայտնի չէ։ Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 30-ին, որտեղ դատարանը կքննի պաշտպանների գործողությունները։
Դատավորը նշել է, որ Քոչարյանի պաշտպաններն առանց իր թույլտվության լքեցին դատական նիստերի դահլիճը։
Գործը մեկ տարուց ավելի է դատարանում էր, սակայն դատաքննության փուլին հասնել այդպես էլ չէր հաջողվում, ընթանում էին նախնական դատական նիստեր։
Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործով նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: