Ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձել է տարածաշրջանի մեծ մասն ինտերնետով ապահովող վրացական Caucasus Online պրովայդերի 100 տոկոսի սեփականատերը։
Ինտերնետ կապի մայրուղային Caucasus Online մալուխի սեփականատեր Խվիչա Մակացարիան վաճառել է բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (51%) Nexol Holding ադրբեջանական ընկերությանը։ Բաժնետոմսերի 49%-ն ադրբեջանցիները գնել էին դեռևս 2019-ին, գրում է «Ֆորմուլա բիզնեսա»-ն։
Ոչ առաջին, ոչ այս անգամ գործարքը համաձայնեցված չէր Կոմունիկացիաների ազգային հանձնաժողովի հետ, ուստի կանոնակարգող մարմինը մի քանի անգամ խնդրել է ելքային կետին վերադարձնել ընկերության բաժնետոմսերը։
Caucasus Online-ը 2008-ից ի վեր Tyco Electronics-ի կառուցած 1200 կմ երկարությամբ ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի միակ սեփականատերն էր, որի օգնությամբ ապահովվում է ինտերնետի տարանցումը Եվրոպայից Հարավային Կովկաս և Կասպից ծովի տարածաշրջան։ Մալուխն անցնում է Սև ծովի հատակով, ինչը թույլ է տալիս բարձրորակ ինտերնետն անմիջապես Եվրոպայից Ասիա հասցնել։
Տարբեր գնահատականներով, ՀՀ-ն Վրաստանից է ստանում իր ինտերնետի թրաֆիկի մոտ 80%-ը։