2021-ին Տավուշի մարզում մոտ 44 մլրդ դրամի (մոտ $83 մլն) ներդրում կիրականացվի, հայտարարել է մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա նշել է, որ այդ գումարից մոտ 7 մլրդ դրամի ներդրումները մասնավոր կլինեն, գրում է Sputnik Արմենիան։
«2021թ․ համար կանխատեսում ենք մոտ 44 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրումներ։ Հիմնական ուղղությունները կլինեն գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ավելի պակաս՝ արդյունաբերությունը»,- ասել է մարզպետը։
Նրա խոսքով՝ 2021-ին արդեն վերսկսվել են անցյալ տարի կիսավարտ մնացած համայնքային ու պետական բազմաթիվ ծրագրեր: Մարզպետը հայտնել է, որ այս տարի նախատեսված տնտեսական ծրագրերը 32 տոկոսով գերազանցում են 2020-ի ծավալը:
Ըստ մարզպետի՝ 2021-ին կիրականացվեն աննախադեպ ծրագրեր՝ ոռոգման համակարգերի վերականգնման առումով։
«Դրանք վերաբերում են նաև ջրամբարների ջրերի օգտագործմանը, որոնք, գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, ամենացածրադիր գոտում, և մենք այդ ջրերը գրեթե չէինք օգտագործում»,- ասել է Չոբանյանը՝ հավելելով, որ 2021-ին պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերով նախատեսվում է ստեղծել նոր ոռոգման համակարգեր:
«5000 հեկտարը ոռոգելի դարձնելն իր հետևից բերելու է 5000 հա-ի ներդրումային ծրագիր, որի ընդհանուր գնահատականն առնվազն պիտի կազմի 10 մլրդ դրամ, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաներով այգեգործությունն այդ չափանիշներն ունի»,- ասել է մարզպետը:
Չոբանյանը նշել է նաև, որ կան ներդրողներ, ովքեր ստեղծված իրավիճակում կասեցրել են իրենց ծրագրերը: Դրանք հիմնականում ՀՀ-ից դուրս բնակվող ներդրողներ են, ովքեր Տավուշում սահմանների վերանայման մասին տարածված լուրերի ազդեցության տակ, առայժմ չեն շտապում վերսկսել իրենց ներդրումային ծրագրերը: