27 մարտի 2021 - 16:00 AMT
Freedom House-ի կոչը ՀՀ-ին՝ չեղարկել վիրավորանքի փոխհատուցման փոփոխությունը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով ԱԺ ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին, նշել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել ԶԼՄ-ների և խոսքի ազատությունը և կոչ արել չեղարկել ընդունած փոփոխությունները։

«Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տալիս տուգանքներին, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը և սպառնալիքի տակ կդնեն լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը: Քաղաքացիական հասարակությունն իրավացիորեն քննադատել է օրենքը՝ նշելով, որ այն կարելի է չարաշահել չափազանց մեծ տուգանքներ գանձելով և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելով:

ՀՀ իշխանություններին հորդորում ենք լրջորեն հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգությունները և չեղարկել օրենքը»,- ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

Մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը հավանություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում են վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 3 մլն-ի, իսկ զրպարտության դեպքում ՝ 2-ից 6 մլն-ի: Մինչ փոփոխությունների ընդունումն օրենքով վիրավորանքի համար սահմանված էր մինչև 1 մլն դրամ տուգանք, զրպարտության` 2 մլն: